Հայ Կառուցողական Կուսակցության ստեղծման գաղափարը Անդրիաս Ղուկասյանը հղացել էր իր համախոհների հետ միասին, երբ ինքը դեռ անազատության մեջ էր։ Կուսակցության կորիզը կազմում են քաղաքացիական ակտիվիստներ, ովքեր Խաղաղ Անհնազանդության՝ Հենրի Դեյվիդ Թորոյի տեսության հետևորդներ են։
Ազատազրկված լինելու դառը փորձառությամբ ընդիմադիր քաղաքական գործիչները հավաքված են մեկ գաղափարի շուրջ, այն է՝ Հայաստանի զարգացման ազգային ուղին և հայկական ամուր պետության կառուցումը՝ սկսած բանակից, սահմաններից, տնտեսության բոլոր ճյուղերից, մշակույթի, գիտության ու կրթության ոլորտից։ Ոչ թե վերակառուցումը, այլ կառուցումը, զրոյից՝ ելնելով նոր, անկախ պետության պահանջներից։ Այդ գործին են լծվել Հայ Կառուցողական Կուսակցության անդամները։
Սա երկար ու դժվարին ճանապարհ է՝ մեծ նվիրում ու հետևողականություն պահանջող։ Հայաստանի քաղաքական դաշտը մաքրելու գործընթաց իրականացնելը, միջազգային պահանջներին համապատասխան քաղաքացիական հասարակություն կրթելը, քաղաքական գործիչների միմյանց միջև անձնական հաշիվներ մաքրելը, տալ-առնելու գարշելի ավանդույթին վերջ դնելը նույնպես առաջնային են այս կուսակցության հիմնադիր անդամների համար։
Ես ողջունում եմ գալիք ընտրություններին մասնակցելու Հայ Կառուցողական Կուսակցության որոշումը։ Մնում է հուսալ, որ հանրությունը ճիշտ կկողմնորոշվի, որն էլ կորոշի մեր հայրենիքի ապագան։